Մինասյանը հրապարակել է եռակողմ հայտարարության այն տեքստը, որից Փաշինյանը հրաժարվել է

Միքայել Մինասյանը շեշտել է, որ պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա բանակցային սեղանին դրվել են հայտարարության բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում հրապարակել է եռակողմ հայտարարության նախկին տեքստը, որն, ըստ նրա, առաջարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլերից մեկում, որից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է:

Մինասյանը հայտարարել է, որ Փաշինյանի յուրաքանչյուր ստի դիմաց փաստաթուղթ է ներկայացնելու և ապացուցելու իր խոսքերը։

«Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը»,–գրել է Մինասյանը։

Նրա ներկայացրած տարբերակում ոչ  մի կետ չկա Շուշիի մասին։ Մինասյանը շեշտել է, որ պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։

«Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։ Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ»,– գրել է Մինասյանը։

Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում. Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: