Միանվագ աջակցություն կտրամադրվի արցախցիներին. Փաշինյան

Վարչապետը նշել է, որ օրերս հանձնարարել էր կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք հաշվառված են Արցախում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ

«Կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով: Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ»,–նշել է վարչապետը։

Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից: Դիմում հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով:

Փաշինյանի խոսքով`առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները:

Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան

«Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու և առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար»,–գրել է նա։

Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում։

Հավելենք, որ Արցախյան պատերազմի հետևանքով, ըստ նախնական տվյալների, ներքին կամ արտաքին տեղահանության է ենթարկվել մոտ 100 հազար մարդ։