Ավտոբուսներն ու միկրոավտոբուսն արդեն Երևանից Ստեփանակերտ են փոխադրել Արցախի բնակիչներին: Շարասյունը ուղեկցել են ռուս խաղաղապահները։
Sputnik Արմենիայի թղթակիցը նկարահանել է, թե ինչպես են Արցախի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն վերադառնում։ Շատ արցախցիներ շփոթված են, նույնիսկ չգիտեն ՝ արդյոք իրենց տները կանգուն են։ Իսկ ում տունն էլ կա, սոցիալ-կենցաղային պայմաններ չկան։
Ուղևորների թվում էին նաև Շուշի քաղաքի բնակիչները, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն անցնում է Ադրբեջանին: Երևանում խոստացել են նրանց տեղավորել հյուրանոցներում, մինչև բնակարանի հարցը չլուծվի։ Սակայն տեղ հասնելուն պես նրանց առաջարկել են գիշերել ապաստանում, մինչև լուծեն բնակության խնդիրը։
Նույնը առաջարկեցին նաև մարտունեցիներին, չնայած Երևանում խոստացան նրանց հասցնել մինչև տուն։
Արցախի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, որոշակի խառնաշփոթ է տիրում, քանի որ Արցախի բնակիչների տեղափոխման և տեղավորման գործընթացը դեռևս ակնհայտորեն չի կարգավորվել:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։