Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված բնակավայրերի բնակիչներն ունեն վերադարձի իրավունք

ՀՀ վարչապետը հայտնել է, թե ինչ է արվում իրենց բնակավայրերը կորցրած արցախցիներին աջակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, որը զբաղվելու է Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու հարցով։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն արդեն մշակել է համապատասխան ծրագիր։

«Բայց մենք պայմանավորվել ենք, որ ծրագրի միտումը պետք է լինի այն, որ հետագա փուլերում իրենց աջակցությունն արցախցիները կարող են ստանալ Արցախում և ոչ Հայաստանում» ,– ասաց Փաշինյանը։

Միֆ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այն չէին, դրա համար էլ այսպես ստացվեց. վարչապետ

Վարչապետը նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների վերադարձի հարցը ամրագրված է եռակողմ հայտարարությամբ։

«Դա բանակցային գործընթացի կարևոր նրբություններից մեկն է լինելու, թե ինչպես անել, ինչ երաշխիքներ ու մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացիների վերադարձի իրավունքը և անվտանգությունը պաշտպանվի»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։