«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը

Ռուբեն Վարդազարյանը խոստանում է նաև կոշտ դիմադրություն ցույց տալ ու քննության առարկա դարձնել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական և թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից դատարանների ու դատավորների գործունեությանը միջամտելու ու ներգործելու ցանկացած փորձի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել է հայաստանյան դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։

«Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,– ասված է ուղերձում:

Արթուր Վանեցյանին ազատ արձակեցին

ԲԴԽ նախագահը հիշեցնում է, որ պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուր դատավոր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ երդվում է դատավորի պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:

Վարդազարյանն իր գործընկերներին կոչ է անում իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել դատական իշխանության հեղինակության մասին մտահոգությամբ,  հավատարիմ մնալ ժողովրդին տված երդմանն ու զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից։

Արթուր Դանիելյանն ազատ արձակվելուց հետո շտապել է Երևանի դատարանի Շենգավիթի նստավայր

ԲԴԽ նախագահը խոստանում է նաև կոշտ դիմադրություն ցույց տալ ու քննության առարկա դարձնել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական և թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից դատարանների ու դատավորների գործունեությանը  միջամտելու ու ներգործելու ցանկացած փորձ։