Արթուր Վանեցյանին ազատ արձակեցին

Արթուր Վանեցյանի խոսքով` արդարություն դեռ այս երկրում կա, և այն այսօր հաղթեց։ Նա նաև հայտարարեց, որ իր կյանքում ոչ մի հանցանք չի գործել` ո՛չ այս փուլում, ո՛չ առհասարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը քննող դատական նիստը։ Վանեցյանն ազատ արձակվեց։

«Իշխանությունները փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Բայց փառք Աստծո, արդարություն դեռ այս երկրում կա, և այն այսօր հաղթեց»,– ասաց Վանեցյանը` դատարանի բակում հավաքված համախոհներին ու լրագրողներին։

Այս քրեական գործն ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի վախերը. Շարմազանով

Նա նաև հայտարարեց, որ իր կյանքում ոչ մի հանցանք չի գործել` ո՛չ այս փուլում, ո՛չ առհասարակ։

Վանեցյանը նաև հայտնեց, որ այս պահին իրեն ազատ են արձակել ձերբակալությունից, քանի որ դատարանը ոչ իրավաչափ է համարել ձերբակալության որոշումը։ Բայց 23։30-ին նույն`Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

ԱԱԾ–ն առգրավել է Վանեցյանի հայրական տան որսորդական զենքերը. պաշտպան

Այսօր օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։