Հայաստանում ժամանակավոր ապաստանած ստեփանակերտցիները վերադառնում են իրենց հարազատ քաղաք։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հայտնում է, որ Ստեփանակերտ նրանց մուտքը նշանավորվել է ավտոբուսների ձայնային ազդանշաններով։
Արցախցիների անվտանգ վերադարձն ապահովվել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Մեր զրուցակիցներից մեկը պատմել է, որ հարազատ քաղաքից հեռացել է ուղիղ 1 ամիս 10 օր առաջ։ Նույնիսկ չգիտի, թե ինչ վիճակում է իրենց տունը։ «Հիմա կգնանք, կտեսնենք» ,–ասում է նա։
Ասկերանի Կարմիր գյուղի բնակիչ մի երիտասարդ էլ պատմեց, որ եկել է Ստեփանակերտ` Հայաստանից վերադարձող կնոջն ու 3–ամյա դստերը դիմավորելու։
«Տունը նորմալ է, հոսանք չունենք, բայց ջուր կա»,– ասաց նա` հույս հայտնելով, որ ամեն բան շուտով կկարգավորվի։
Զրույցի ընթացքում երիտասարդը կարոտով գրկել էր փոքրիկին, որին մեկ ամիս չէր տեսել։