Ի՞նչ է ֆիքսել Sputnik Արմենիայի տեսախցիկը Գորիս-Բերձոր ճանապարհին

Գորիսից դեպի Արցախ տանող ճանապարհի աջ կողմում` դաշտում, տեղակայված են ՌԴ զինված ուժերի զորամիավորումները։ Դեպի Արցախ են ուղևորվում ռուսական զինուժին պատկանող զրահամեքենաներն ու «Գրադ» կայանքները։ Ճանապարհին տեղ-տեղ նկատվում են ռուսական բանակի զինվորներ։
Sputnik

Լեռնային Ղարաբաղ մուտք գործող Աղավնոյի անցակետում Արցախի մաքսային ծառայության շենքի գլխին ռուսական դրոշ է ծածանվում։ Բերձորը վերահսկում են ռուսական զինված ուժերը։

Դեպի Շուշի տանող ճանապարհին վերջին անցակետում ռուսական զինուժի ծառայողները արգելում են շարունակել ճանապարհը`պատճառաբանելով, որ վտանգավոր է։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։