ԱԱԾ-ն կանխել է Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը. տեսանյութ

Հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Sputnik

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կանխել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Հայտնի հրամանատարը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով

Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզի բնակիչ Աշոտ Մինասյանը, որը հայտնի է «Աշոտ Երկաթ» մականունով, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության, վարչապետի վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվել է պատերազմի օրերին հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայությունից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և Սիսիան քաղաքում գտնվող, իրենց պատկանող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:

«Ընդ որում` հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  ՀՀ կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվել է

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Մինասյանը Հայաստանի ու Արցախի մի շարք կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ ձեռք է բերել միջոցներ ու գործիքներ՝ պետական գործչի սպանության և իշխանության յուրացման դիտավորությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը շեշտում է, որ թվարկված անձանց շարքում նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան։

Ըստ ԱԱԾ–ի` ծրագրվածն ավարտին չի հասել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Որպես կասկածյալներ ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Քայլեր են ձեռնարկվում խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել։ Կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել է մեծ թվով զենք, զինամթերք։ Այդ թվում՝ տարբեր տրամաչափի գնդացիրներ, հակատանկային նռնականետ, ինքնաձիգներ, հրացաններ, մի քանի արկղ տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր պայթուցիչներ, նռնակներ և այլն։

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և չվտանգել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը։ ԱԱԾ-ն զգուշացնում է՝ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն:

Ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը։