Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում

Փաշինյանը նշեց, որ ընդդիմության պնդումները, թե ներկա իշխանությունները չեն կարող բանակցել, անհիմն են. իրենք լիովին կարող են և ի վիճակի են բանակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և սահմանների վերաբացման համատեքստում հարցը Թուրքիային չի վերաբերում, որովհետև Թուրքիան այս համաձայնության մաս չէ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա խոսեց այն նպատակների ու խնդիրների իրագործման մասին, որոնք կարող են իրագործվել ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում։

Պետք է ունենանք նոր տիպի բանակ. Փաշինյանն ուզում է մեծացնել կանանց ներգրավվածությունը

«Մենք ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով։ Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ։ Եթե այս բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք, թե ինչ շրջադարաձային փոփոխություն կլինեն Հայաստանի համար, եթե երկաթուղին դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ։ Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են չիրագործվել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս ամենը բանակցությունների հարց է։ Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե ներկա իշխանությունները չեն կարող բանակցել, Փաշինյանը նշեց՝ լիովին կարող են և ի վիճակի են բանակցել։

Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։