Ինչպես են փոխանակելու զոհվածների մարմինները. քննարկում Արցախում

Արայիկ Հարությունյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախում քննարկվել է զոհվածների մարմինների փոխանակման իրականացման մանրամասները։ Տեղեկությունը լուսանկարին կից Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ»,–գրել է նա:

Փաշինյանը խորհրդակցություն է արել. արցախցիներին Արցախ վերադարձնելու ծրագիր պետք է լինի

Արայիկ Հարությունյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 13-ի ժամը 15։00-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է դադարեցվեն։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում