Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կապամոնտաժվի. Մանե Գևորգյան

Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան տեսանյութ էր հեռարձակվել, որն առաջացրել էր հասարակության լայն զանգվածների դժգոհությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը բռնություն խրախուսող տեսանյութից հետո կապամոնտաժվի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Վարչապետի աշխատակազմն ամբողջ ծավալով կվերսկսի աշխատանքը

Նշենք, որ նոյեմբերի 12-ին հանրապետության հրապարակում սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութ է հրապարակվել։ Այս առնչությամբ հայտարարություն էր տարածել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

«Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ-որ կա՝  իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել, և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»,–նշել է վարչապետի խոսնակը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հրապարակել է իրավախախտների ձերբակալման լուսանկարները

Մանե Գևորգյանը նաև հաստատել է, որ Էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի համար, որը երեկ հեռարձակվել է։

«Ամեն դեպքում հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է էնտեղ դրված, որոշում ենք կայացրել, որ դա պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»,–նշել է նա։

Իսկ թե ո՞ւմ թույլտվությամբ է հեռարձակվել տեսանյութը, խոսնակն ասել է, որ թույլտվության խնդիր բացարձակ չկա։

«Ամեն դեպքում խնդիրը լուծված է, էկրաններն ապամոնտաժվում են և վերջ»,–նշել է Գևորգյանը, իսկ բովանդակության համար պատասխանատուի մասով ոչինչ չի ասել։

Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարություն

Նշենք, որ ըստ կայքի, նոյեմբերի 12-ին հանրապետության հրապարակում սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութի հեռարձակումը տեղի է ունեցել կառավարության գիտությամբ, եթե չասենք` հանձնարարությամբ: Միայն թե վարչապետի խոսնակը համամիտ չէ, որ տեսանյութը բռնություն ու վիրավորանք է քարոզում:

Նշենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան հեռարձակված տեսանյութի առնչությամբ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը նշել էր.

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին:

Հանրապետության հրապարակում նման տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, կզբաղվեմ անպայման»,–նշել էր Թաթոյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Հանրապետության հրապարակում տեղադրվեց մեծ էկրան, որը պետք է ծառայեր որպես տեղեկատվության փոխանցման հարթակ։