«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում ռուս խաղաղապահ զորքերը շարասյուներով ուղևորվում են Լեռնային Ղարաբաղ։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է փոքրիկ կրպակի տիրոջ հետ, ումից խաղաղապահները գնումներ են կատարել։
Sputnik

Երևան – Բերձոր– Ստեփանակերտ մայրուղով ընթանում են ռուս խաղաղապահների շարասյուները։ Երթուղու ընթացքում զինծառայողները ժամանակ առ ժամանակ կանգ են առնում որպեսզի սնվեն կամ ճանապարհից ինչ-որ բան գնեն։

Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ

Վայոց Ձորի մարզում փոքրիկ կրպակ ունեցող Վարդիթեր Մովսիսյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել բնակիչների առաջին հանդիպումը ռուս զինվորականների հետ։ Կնոջ խոսքով` զինծառայողներին ժողովուրդը լավ է ընդունել, նրանց հյուրասիրել են մրգերով, սուրճով, քաղցրավենիքով։ Կինն իր կողմից տղաներին ղավուրմա է հյուրասիրել ու նշել, որ դա իրենց մսի պահածոն է` «տուշոնկան», բայց ավելի համեղ։

«Իսկ երբ նրանք հարցրին՝ դուք ուրա՞խ եք, որ մենք եկել ենք, ես պատասխանեցի, որ մենք շատ ուրախ ենք, բայց դուք եկել եք շատ ուշացած։ Մեր երեք սերունդը `18, 19 և 20 տարեկան երեխեքն էլ չկան, ասեցի եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք, ասեցին՝ պիտի ուղարկեին»,–ասել է կինը։

Հիշեցնենք, որ Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ. Կոնաշենկով