Էդուարդ Շարմազանովին հրավիրել են ՀՔԾ

ՀՀԿ խոսնակը գրառում է արել սոցցանցի իր էջում` հայտնելով, որ կալանավորելով որևէ մեկին չեն վախեցնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հրավիրել են Հատուկ քննչական ծառայությունը։ Նա այդ մասին հայտնել է Facebook սոցցանցի իր էջում։

«2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։ Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները»,–գրել է Շարմազանովը։

Նրա խոսքով` հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Շարմազանովը ձերբակալվել էր, սակայն երեկ երեկոյան նա ազատ արձակվեց։ ՀՔԾ են հրավիրվել նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանը, որոնք նույնպես ձերբակալվել և ազատ էին արձակվել։

Ազատության հրապարակի հանրահավաքի կազմակերպիչների դեմ քրգործ է հարուցվել. ՀՔԾ