Արցախի ԱԳ նախարարն ուղերձով դիմել է արցախցի դիվանագետներին

Մայիլյանը համախմբման կոչ է արել` Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար միջազգային ասպարեզում պայքարելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական ուղերձ է հղել դիվանագիտական ծառայության աշխատակիցներին։

Իտալիայի Լոմբարդիայի շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

«Եվս մեկ անգամ ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել մեր արհեստավարժ թիմին, որը պատերազմի ծանրագույն պայմաններում բառացիորեն շուրջօրյա ռեժիմով կատարել է իր քաղաքացիական և ծառայողական պարտքը՝ անելով հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի միջազգային ասպարեզում: Անկասկած, մեր աշխատանքում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, հայկական սփյուռքը, ինչպես նաև Արցախի օտարերկրացի բարեկամները»,– ասված է զեկույցում:

Մայիլյանն ընդգծում է, որ հայ դիվանագետները պայքարել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլև ռազմի դաշտում:

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Առաջնագծում զոհվել է Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, որը թշնամու ագրեսիայի հենց առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է պատերազմին: Մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել պետական արարողակարգի ծառայության աշխատակից Սամվել Սարյանը։ Արցախի համար այդ ծանր պահին աշխատանքի ու հոգեբանական ծանր բեռին չի դիմացել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Արսեն Պարսամյանի սիրտը։

Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել

«Մեր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի օրերին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստել և տարածել է տասնյակ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնցում հանգամանորեն ներկայացված էին Արցախի Հանրապետության դիրքորոշումը զինված ագրեսիայի վերաբերյալ և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Հայտարարությունների մեծ մասը՝ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն»,– հայտնում է Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնում, որ նոր և բարդ պայմաններում Արցախի դիվանագիտական ծառայությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ միջազգային ասպարեզում Արցախի ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու և առաջ մղելու, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով:

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը