Ստացվում է` Ծառուկյանը գտնվել է ԱԱԾ–ում և այդ ժամանակ հանցանք կատարել. պաշտպանը զարմացած է

Երեմ Սարգսյանն ասում է, որ ըստ քննիչների` Ծառուկյանին հանցանք կատարելուց անմիջապես հետո են բռնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին երեկ էին ձերբակալել և ԱԱԾ տարել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանի Ավան նստավայրում Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունն էր։

Դատարանն իր որոշումը կհրապարակվի 1:30-ին:

Վարչապետն ԱԱԾ գունդ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի տուն. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյանին ձերբակալել են քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածի համար։ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, ուստի չէին կարող նրան առանց այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու ազատազրկել։ Դրա միակ պայմանն այն էր, որ իբր նա հանցանք կատարելու պահին է բռնվել, կամ անմիջապես դրանից հետո»,–ասաց Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով` քննիչներն ասում են, որ Ծառուկյանին հանցանք կատարելուց անմիջապես հետո են բռնել։ Սակայն, ըստ Սարգսյանի, անհասկանալի է, թե ով է բռնել, երբ Ծառուկյանն ԱԱԾ ներկայանալու ծանուցագիր է ստացել ժամը 12:10-ին, և մինչև հավաքը սկսելը`  12:40-ին, արդեն իսկ գտնվել է ԱԱԾ-ում։

Պաշտպանը նշում է` եթե ասում են, որ հանցանք կատարելուց անմիջապես հետո է ձերբակալվել, պետք է ասեն` ե՞րբ է ավարտվել հանցագործությունը, դրանից անմիջապես հետո՞ են բռնել են և ո՞վ է բռնել: Դատարանում այսօր այդ հարցը պաշտպանը բարձրացրել է, սակայն պատասխան չի ստացել։

«Ստացվում է, որ Ծառուկյանը գտնվելով ԱԱԾ-ում, այնտեղ հանցագործություն է կատարել և այնտեղ էլ բռնել են նրան: Պարզ է, որ իրավական որևէ գործընթաց չկա այստեղ, և պետք է կալանավորեին, դրա համար էլ արել են»,–ասաց Սարգսյանը։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։