Ռուս խաղաղապահների հերթական խումբը խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Արցախ։
Ռուս զինծառայողները ժամանել են ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, որոնք վայրէջք են կատարել ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում, այնպես էլ «Էրեբունի» ավիաբազայում, որտեղից էլ մեկնում են նախանշված վայրեր։
Հիշեցնենք` Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով։
Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։
Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը