Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին

ՀՀ վարչապետը մեկնաբանեց հասարակության դժգոհությունն առաջացրած եռակողմ հայտարարության որոշ դրույթներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Մեղրին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն են:

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար

«Ընդամենը խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին է, այդ թվում` Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, ՀՀ վարչապետը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքն անխափան գործելու է Գորիսից մինչև Ստեփանակերտ, ընդ որում` նաև Շուշիի հատվածում։

«Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաև Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»,– ասաց Փաշինյանը։

Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարությունը ԼՂ հարցի բովանդակային լուծում չէ. Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։