ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ Facebook–ի էջում։

«6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրականցրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։ 1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության։

Ինչ տեսք ունի Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց 3 օր առաջ. լուսանկարներ

Տեղեկացվում է, որ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։

«Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են:

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։