Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը. նա խոսեց ապագայի մասին

ՀՀ վարչապետը հայ ժողովրդին կոչ արեց չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու պատասխանատվությունն անմնացորդ կրելու գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. ՀՀ կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու լուրերին

«Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին, մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,–ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայ ժողովրդին կոչ արեց չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում։

«ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին»,–ասաց Փաշինյանը:

Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարությունը ԼՂ հարցի բովանդակային լուծում չէ. Փաշինյան

Նա վստահեցրեց, որ մեր երկիրը ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք դասեր կքաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից:

«Շատերը կհարցնեն, թե արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին: Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,–ասաց Փաշինյանը:

Նա վստահ է, որ մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել զոհվածների արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին: Փաշինյանի համոզմամբ` մեր խոնարհումը զոհվածների առջև կլինի ամենօրյա ստեղծարար աշխատանքը, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը:

Ավելի քան 20 հազար զինվոր կմնար օղակված վիճակում. Փաշինյանը` տխրահռչակ փաստաթղթի մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։