ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հրապարակել է ընդդիմության ձերբակալված առաջնորդների ցանկը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` ՀՀ Քր. օր. 225.1 հոդվածի 1-ին մասով և 307.1 հոդվածի 1-ին մասով։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Իսկ հավաքի կազմակերպիչներ, քաղաքական ակտիվիստներ Վահագն Չախալյանն ու Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ նոյեմբերի 11-ի հանրահավաքն ավարտվեց ուշ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ։ Մասնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարական, Փրկության կոմիտեի ստեղծում։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին կոչ արեցին գնալ տուն՝ նոյեմբերի 12-ին դարձյալ հավաքվելու պայմանով:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։