ԱԳՆ–ն` խոցված Մի-24-ի մասին. ՌԴ–ն սպասում է Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը

Ադրբեջանը խոստովանել է, որ իրենք են Հայաստանի տարածքում խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն էլ է խնդրել։ Սակայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ Մի-24–ի խոցման պատճառների մասին վերջնական եզրակացություններ դեռ չկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել` նշելով, որ Մոսկվան սպասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի մեղավորներին հետաքննելու և պատժելու վերաբերյալ։

Ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման վայրը շրջափակված է․ բացառիկ կադրեր

Պաշտոնական Բաքուն դեպքից անմիջապես հետո խոստովանեց, որ իրենք են Հայաստանի տարածքում խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն խնդրեց և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնեց: Սակայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում նոյեմբերի 12-ին կայացած ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Մի-24 ռուսական ուղղաթիռի խոցման պատճառների մասին վերջնական եզրակացություններ դեռ չկան:

«Պատերազմը պատերազմ է, ամեն ինչ էլ պատահում է։ Հանձնաժողովն աշխատում է, եզրակացություններ դեռ չկան։ Պարզվել է, որ երեկո էր, ինքնաթիռը ցածր է թռել, այդ պատճառով ռադարների տեսադաշտում չի հայտնվել։ Իսկ այնտեղ ռազմական դրություն է, երիտասարդ տղաները տեսել են, որ ռազմական ուղղաթիռ է թռչում, և ահա նման որոշում է կայացվել», - ասել է դեսպանը։ Նա հիշեցրել է, որ նման միջադեպերի հետաքննությունը, որպես կանոն, բավականին երկար է տևում։ «Սակայն հաշվի առնելով, որ պատերազմական ժամանակ է, կարծում եմ՝ ավելի արագ կավարտվի։ Այնտեղ և՛ մեր պաշտպանության նախարարությունն է, և՛ ՌԴ պաշտպանության նախարարությունը, նրանք կապի մեջ են, հանձնաժողով է ստեղծվել, և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի դատախազությունները զբաղվում են դրանով։ Կարծում եմ՝ եզրահանգումներ կարվեն», - նշել է դիվանագետը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է դիվանագետին` նշելով. «Եթե Ռուսաստանը հետևեր «պատերազմը պատերազմ է» սկզբունքին, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ»։

Գերատեսչությունը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը ողբերգական միջադեպի կապակցությամբ որեւէ երկիմաստ հայտարարություն այլևս թույլ չի տա:

Ռուսական Մի–24-ը խոցվել է Հայաստանում` ռազմական գործողություններից դուրս. ՌԴ ՊՆ

Հիշեցնենք` 2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի Մի–24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։  Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի (Ագրեսիվ պատերազմ) 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին: