Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. ԱԺ–ն պետք է արտահերթ նիստ անի

Նիստ հրավիրելուց հետո, սակայն, դեռ անհրաժեշտ կլինի, որ քվորում ապահովվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքված են: Facebook-ի իր էջում տեղեկությունը հայտնել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք

ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է անցկացնել այսօր` ժամը 20-ին։

Նշենք, որ նիստին քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։

Նշենք, որ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի մասնակցություն։

Աժ–ում իշխող «Իմ քայլն» ունի 88, «Բարգավաճ Հայաստանը»` 24, «Լուսավոր Հայաստանը»` 17 պատգամավոր։ ՀՀ 7–րդ գումարման ԱԺ–ում կան նաև 3 անկախ պատգամավորներ` Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը։

Փաշինյանին ու «Իմ քայլի» պատգամավորներին մինչև կեսգիշեր ժամանակ տվեցին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։