Ռուս խաղաղապահների մուտքը կզսպի ուժի կիրառումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր լրագրողներին ասել է, որ ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ էական գործոն կդառնա։

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատարին. լուսանկարներ

«Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների տեղակայումը ուժի չկիրառման էական զսպող գործոն է։ Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,– նշել է նա։

Զասի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը։

«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից համապատասխան հայտարարություն ստորագրելուց հետո։ Ողջունում ենք բոլոր այն գործողությունները, որոնք տանում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու արյունահեղության դադարեցմանը: ՀԱՊԿ-ը հակամարտող կողմերին բազմաթիվ անգամ է կոչ արել վերադառնալ հրադադարի ռեժիմին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է նա։

Հիշեցնենք` Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աջակցելու են հրադադարի պահպանմանը․ Կրեմլ

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով։

Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։