ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ Զրույցի ընթացքում նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի առողջացմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը հասնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։