ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Վաշինգտոնում բնակվող հայազգի պատանին շախմատի առցանց մրցաշար է կազմակերպել՝ Արցախի և Հայաստանի համար գումար հավաքելու համար։ Երիտասարդ ու տաղանդավոր մարզիկի մասին պատմել է Mirrorspectator պարբերականը։
«Գոյաբանական պատերազմն Արցախում բոլոր տարիքի հայերին դրդում է միավորվել և ամեն կերպ աջակցել իրենց պատմական հայրենիքին։ Արշակի մոտեցումը բացառիկ է։ Նա շախմատի չորս առցանց մրցաշար է կազմակերպել՝ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ առաքելական եկեղեցու հովանու ներքո։ Առաջինը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, մյուսները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 14-ին, նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 14-ին»,-գրում է հոդվածի հեղինակը։
Ինչպես բացատրում է ինքը՝ ավագ դպրոցի աշակերտ Արշակը, միջոցների հավաքագրումը տեղի է ունենում հետևյալ կերպ․ մարդիկ գումար են նվիրաբերում Donate Box առցանց հարթակի միջոցով, ինչից հետո ստանում են lichess.org-ում անցկացվող մրցաշարի ծածկագիրը։
Նա նշում է, որ Lichess-ը լիովին անվճար կայք է։ Մրցաշարը կձգվի 100 րոպե։ Յուրաքանչյուր խաղացողի տրամադրվում է 10 րոպե, ընդ որում՝ մասնակիցների թիվը սահմանափակ չէ։
Ամենաշատ միավորներ հավաքած հինգ խաղացողները կստանան պատվոգրեր և խորհրդանշական մրցանակներ։ Բացի այդ, Արշակին հաջողվել է լավագույն խաղացողների համար լրացուցիչ հատուկ մրցանակ կազմակերպել։
Այսպես, հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած մրցման հաղթողը հնարավորություն կունենա արագ շախմատի երկու պարտիա խաղալ հայ գրոսսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ։ Իսկ նոյեմբերի 14-ին կայանալիք մրցման հաղթողը կխաղա միջազգային կարգի վարպետ, կին գրոսսմայստեր և Հայաստանի կանանց օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի հետ։
Արշակը խոստովանում է, որ նրանց հաղորդագրություններ է ուղարկել առանց որևէ սպասում ունենալու, բայց երկու գրոսմայստերներն էլ լիովին աջակցել են նրա գաղափարին։
Առաջին մրցաշարի ընթացքում հավաքվել է ավելի քան 3000 դոլար։ Հավաքված բոլոր միջոցներն ուղղվելու են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին օգնություն տրամադրող հայկական հիմնադրամներին։
46 մասնակիցների մեծ մասը եղել են ԱՄՆ-ի տարբեր վայրերից, ներառյալ Տեխասը, Ֆլորիդան, Նյու-Յորքն ու Վաշինգտոնը, բայց եղել են նաև խաղացողներ Գերմանիայից, Կատալոնիայից, Իսպանիայից, Ռուսաստանից և Հայաստանից։
Արշակը շատ է աշխատել մրցաշարի գովազդի վրա։ Նա նաև կապի մեջ է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և հայ շախմատիստների այլ խմբերի հետ։ Հաջորդ մրցաշարին կարելի է գրանցվել` անցնելով այս հղումով։
«Այս դեպքում պատահական չէ, որ Արշակը հենց շախմատի մրցաշար է սկսել։ Նա կարծում է, որ շախմատն ունիվերսալ լեզու է, որը միավորում է մարդկանց»,-ասվում է հոդվածում։
Արշակն ԱՄՆ-ում է ծնվել, բայց նրա ծնողները ծնունդով Երևանից են։ Նրանք Ամերիկա են տեղափոխվել 2000-ականներին։ Արշակը Հայաստանում շատ ազգականներ ունի, այդ թվում՝ պապիկը։ Հենց նա է թոռան մեջ շախմատի հանդեպ սեր արթնացրել։
«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը». Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել
«Մի անգամ, երբ ամռանը Հայաստան էինք գնացել, պապիկը բերեց շախմատի տախտակը և առաջարկեց խաղալ։ Դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Ամբողջ ամառ մենք միասին շախմատ խաղացինք։ Իսկ երբ վերադարձանք Ամերիկա, արդեն Skype-ով էինք խաղում։ Դա իմ կյանքի լավագույն շրջաններից մեկն էր»,-պատմում է Արշակը։
Նա սկսել է շախմատ խաղալ 5 տարեկանում, իսկ արդեն 9-10 տարեկանում լրջորեն է զբաղվել այդ սպորտաձևով։ Տղան կարծում է, որ այդ հոբբիի հարցում պապի դերը հսկայական է եղել։