ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Դադիվանքի վանահայրը պատմեց, թե ումից է զանգ ստացել և ով է հայտնել նրան այդ լավ լուրը։ Խաչքարերը իրենց տեղում կմնան։
Դադիվանքը չի հանձնվելու ադրբեջանցիներին, այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Ինձ զանգեց Արցախի նախագահը ու հարցրեց` այդ ինչ է կատարվում։ Ձեռք չտաք ոչ մի խաչքարի, չհանեք ոչ մի խաչքար։ Դադիվանքը մերն է, ոչ մեկին չենք տալու, ու մերն էլ մնալու է», - պատմեց Տեր Հովհաննեսը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Զրույցը չկարողացանք շարունակել, քանզի նա շատ կարևոր զանգ ստացավ իր բառերով ասած` սրբազանից. ու ստիպված եղավ անջատել հեռախոսը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության կետերից մեկի համաձայն՝ ադրբեջանցիների է հանձնվելու Քարվաճառի շրջանը, որտեղ գտնվում է Դադիվանքը։
Հավելենք, որ երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Հովհաննեսն ասել էր, որ մտածում են եկեղեցուց տեղափոխել ասեղնագործ խաչքարերը, որ թուրքը չգա ու պղծի։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։