Դիակների և գերիների փոխանակման գործընթացը դեռ չի սկսվել. Կարմիր Խաչ

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում են գտնվում Հայաստանի ու Արցախի 21 գերեվարված զինծառայող ու քաղաքացի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չի սկսել պատերազմի զոհերի դիակների ու գերիների փոխանակման գորընթացը: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ռուս խաղաղապահների մուտքը կզսպի ուժի կիրառումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին

«Բանակցություններ են ընթանում երկու կողմերի հետ, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասաց նա:

Ամատունու խոսքով` բանակցությունների գործընթացը մեկ կամ երկու օրվա գործ չէ, հետևաբար, պարզ չէ, թե երբ դրանք կավարտվեն և կսկսվի բուն գործընթացը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիակների ու գերիների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության 9 կետերից մեկն է:

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում 21 գերեվարված հայ քաղաքացի։ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային փոխանցել են, որ գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում նրանց տվյալները ճշտելու համար: Այդ գործընթացի ավարտին ՔԿ-ն խոստացել է լրատվամիջոցների համար հանդես գալ հայտարարությամբ։

Լավրովն ասել է` ինչն է հիմք դարձել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության համար

Նշենք, որ այս պահի դրությամբ լրատվանիջոցներին հայտնի են երեք գերիների անունները՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան և Ալբերտ Միքայելյան, և մեկ խաղաղ բնակչուհի՝ Ազնիվ Բաղդասարյան:

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութից երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Արցախի 12 600 ք/կմ տարածքից 10 100-ը տրվում է թուրքերին. Հրանտ Բագրատյան