Ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն արգելված է. դատախազության կոչը

Դատախազությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ռազմական դրության ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց։

Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք. Փաշինյան

«Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր և սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու և անցկացնելու մասին։ Պարզաբանում ենք, որ «ՀՀ–ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով ՀՀ տարածքում հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը արգելվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզաբանվում է նաև, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Հայաստանը կապիտուլյացիայի ու «ցավոտ փոխզիջումների» միջև․ ինչ սպասել ապագայում

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։

Խոսքը ոչ թե Ղարաբաղի զարգացման, այլ գոյատևման մասին է․ ռուս փորձագետները՝ զինադադարի մասին

Հետևաբար, դատախազությունը կոչ է անում բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանեն, թեման` պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են լինելու։ Մինչ այդ, 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Նախագահականում շարունակվել են քաղաքական խորհրդակցությունները