ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցությունները` պարզելու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Բացի հայտարարված հրադադարի պայմանագրից, դեռ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ երկու կողմերի բանակցությունների վերսկսումը: Ֆրանսիան լիովին կխաղա իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` բանակցությունների վերսկսման համար։ Այդ բանակցությունները պետք է րոպե առաջ սկսվեն։ Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Լը Դրիանը նշել է, որ ռազմական գործողությունների դադարը այս պահին գերակա պարտավորություն է, և այդ առիթով դիմել է Ադրբեջանին և Թուրքիային։
«Հակամարտող կողմերը մի քանի անգամ ստանձնել են վերջին շաբաթների ընթացքում հրադադարի պարտավորություններ, սակայն չեն իրականացրել։ Ուստի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կկատարի ստանձնած պարտավորությունները և անհապաղ կդադարեցնի հարձակողական գործողությունները: Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում որևէ գործողություն չձեռնարկել այդ գերակա նպատակի դեմ»,– ասել է Դրիանը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ