ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ մի խումբ քաղաքացիներ իշխանություններից պահանջում են չեղարկել ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությունը։
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները նախապես հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ այդ պահին միայն կոտրված ապակիներով շենքը հսկող ոստիկաններն էին։
Քիչ անց նրանք որոշեցին միանալ ԱԺ–ի մոտ հավաքված իրանց համախոհներին ու այնտեղ սպասել իշխանության պատասխանին։
Այսպիսով կառավարության մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք`անցած գիշերը մի խումբ քաղաքացիներ հաշված րոպեների ընթացքում արձագանքել էին Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման եւ տարածքների հանձնման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` բողոքի ակցիաներ ու ջարդարարություններ կազմակերպելով ՀՀ կառավարության ու ԱԺ շենքերում։
Ցուցարարները ներխուժել են Փաշինյանի աշխատասենյակ, տարել պետական ունեցվածքը։ Իսկ խորհրդարանում ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով դրանից հետո տեղափոխվել էր հիվանդանոց ու ենթարկվել վիրահատության։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը չեղարկելու նախագիծ ներկայացնել ԱԺ։ Սակայն արտահերթ նիստ հրավիրելու ու անհրաժեշտ քվորում ապահովելու համար պակասում էր երկու տասնյակից ավելի ձայն։