Պատերազմը Երևանում չէ, այլ Արցախում։ Եկեք Արցախ։ Համացանցում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ նման կոչով են հանդես գալիս այս պահին առաջնագծում կանգնած կամավորները։
Նշենք, որ Երևանում բողոքի ակցիաներ են` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու համաձայնագիր ստորագրելու որոշման։
«Ձեր կարիքն այստեղ ենք զգում ու համոզված եմ` այդտեղ լիքը կին կա, որ կարող է այդ գոռգոռոցն ապահովել։ Այստեղ շատ դժվար է, իսկ էդտեղ սնարյադի ձայն չկա, ԱԹՍ չկա։ Մեզ մոտ կան 60 տարեկան մարդիկ, որոնք եկել են կռվելու, որ դուք այդտեղ մեր հայրենիքը ջարդե՞ք»,–ասում է կամավորներից մեկը։
Մեկ ուրիշն էլ ասում է, որ ամոթ է, չի կարելի, նման քայլերին պետք է վերջ դնել ու արագ առաջնագիծ մեկնել, քանի որ այնտեղ է, որ նրանց կարիքը կա։
Մի կամավոր էլ ցույց է տալիս հետևում գտնվող սարերն ու ասում, որ եթե Երևանում հիմա ջարդուփշուր անողներն այդքան լավ տղա են, թող գնան Արցախ ու իր հետևում գտնվող սարերի մոտ ջարդ անեն։
«Մենք` երկու եղբայր, եկել ենք էստեղ, իսկ դուք ի՞նչ եք անում` Երևանում դուռ–ապակի եք ջարդում։ Ամոթ է»,–ասում է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:
«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:
Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ