Օնիկ Գասպարյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ

Խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, ԲՀԿ-ն, «Հայրենիքը», ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։ Այս մասին նշված է «Հայրենիք» կուսակցության Facebook-ի էջում։

Քաոս՝ ԱԺ-ում. ներխուժածները պահանջում են գլխավոր շտաբի պետին ու պատգամավորներին. տեսանյութ

«Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։ Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։

Քաղաքական ուժերը նաև իրենց հերթին վստահեցնում են, որ խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»,-նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանը հոկտեմբերի 29-ին կապիտուլյացիայի մասին էր խոսում. ՀՅԴ

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ