Հրաժարականը նվազագույնն է, որ Փաշինյանը պետք է անի. Իվետա Տոնոյան

ԲՀԿ պատգամավորը ՀՀ կառավարության շենքի մոտ է քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ թույլ չտալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվածների շարքերում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առնվազն պետք է հրաժարական տա Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ ստորագրված համաձայնագրից հետո։

«Այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել։ Ժամեր առաջ ԲՀԿ–ն և մի շարք կուսակցությունների պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Այս ամենից հետո հրաժարականը նվազագույնն է, որ Փաշինյանը պետք է անի», – ասաց Տոնոյանը։

ԲՀԿ պատգամավորը ՀՀ կառավարության շենքի մոտ է` քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ թույլ չտալու համար։

«Եկել ենք` հանդարտեցնենք մարդկանց օբյեկտիվ ցասումը։ Նրանց, որոնց հայրերը, եղբայրները, որդիները ընկել են մարտի դաշտում։ Իսկ այստեղ գաղտագողի, հանրության կարծիքը հաշվի չառնելով, գրչի մեկ հարվածով կայացվել է որոշում` հողերի հանձնման, Շուշիի հանձնման մասին», – ասաց պատգամավորը։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Նա նշեց, որ առավոտյան «Բարգավաճ Հայաստանը» նիստ է գումարելու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչից հետո հանդես կգան հայտարարությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար»,–գրել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում