Էրդողանը զանգել է Պուտինին. պայմանավորվել են ԼՂ շուրջ սերտ համագործակցության մասին

Կրեմլի հայտարարությունում գրված է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ԼՂ շուրջ հայտարարությունում նախատեսված միջոցառումների մի մասի իրականացման համատեքստում սերտ համագործակցելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել` վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին գրված է Կրեմլի կայքում։

Պուտինը հայտնել է Հայաստանում ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված օդաչուների անունները

Պուտինը ներկայացրել է Էրդողանին ԼՂ շուրջ եռակողմ հայտարարության բովանդակությունը։ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար: Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ԼՂ շուրջ հայտարարությունում նախատեսված միջոցառումների մի մասի իրականացման համատեքստում սերտ համագործակցելու են։

СNN Turk-ի տեղեկատվական արտահոսքը, կամ որն է Էրդողանի նպատակն այս արյունալի պատերազմում

ՌԴ և Թուրքիայի ղեկավարները նաև քննարկել են սիրիական ուղղությամբ համագործակցության հարցեր, ներառյալ ՝ համակարգումը քաղաքական գործընթացի առաջխաղացմանը խթանելու և մարդասիրական խնդիրների լուծման գործում: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսին, որոշվել է նախադրյալներ ստեղծել ռուս–թուրքական համատեղ պատվաստանյութերի արտադրության համար։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի. ԵԽ պատգամավորը մեղադրում է Եվրոպային

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ