Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. Բաքուն նորից ներողություն է խնդրել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, թե ինչ հարց են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցելու միջադեպը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բաքվի կողմից ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանը ՌԴ-ի հետ մշտական կապի մեջ է․ դեսպան

Նրա խոսքով, Բաքուն կրկին ներողություն է խնդրել ռուսական կողմից:

«Ադրբեջանական կողմից ՌԴ ԱԳ նախարարից կրկին ներողություն է խնդրել այդ ողբերգական միջադեպի համար: Մոսկվան կրկին ընդգծել է լիաֆորմատ հետաքննության անհրաժեշտությունը», - հայտարարել Է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը սկզբունքային է համարում անհետաձգելի ու լիարժեք հետաքննության հարցը, որը պետք է համապատասխան արդյունքներ տա:

Հիշեցնենք՝ երեկ, հղում անելով ուժային կառույցների մեր աղբյուրին, հայտնել էինք, որ Հայաստանի օդային տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել, ենթադրաբար՝ Նախիջևանի կողմից։ 

Ավելի ուշ համացանցում հայտնվեցին այրվող ուղղաթիռի կադրերը։

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝  Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից:

Նշվում էր, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։ 

Բաքուն դեպքից կարճ ժամանակ անց ներողություն է խնդրել ՌԴ-ից ու համապատասխան դրամական փոխհատուցման պատրաստակամություն է հայտնել։

ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ 2 հոդվածով քրգործ է հարուցվել