Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ մանրամասնորեն հանդես գալ ավելի ուշ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ տվել է իր համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը:

«Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը»,–գրել է ԱՀ նախագահը:

Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես գալ ավելի ուշ:

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

«Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակ կունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում»,–գրել է Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում