Արցախի նախագահը հայաստանյան քաղաքական ուժերին հրավիրում է Ստեփանակերտ քննարկումների

Արցախի նախագահը պատրաստ է հանդիպել և քննարկել իրավիճակը նաև արտախորհրդարանական ուժերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրում է հայաստանյան քաղաքական ուժերին Ստեփանակերտ քննարկումների համար։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է նախագահը։

«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

«Կուզեք` սա դավաճանություն համարեք». ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարազանովի տեսաուղերձը

Նա հավելել է, որ վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ է ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավարներին։ Այնուհետև պատրաստ է շարունակելու հանդիպումների շարքը, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ