ԵՐԵՎԱՆ․ 9 նոյեմբերի - Sputnik. Վորոնեժի մարզի զորամասերից մեկում զինծառայողի հարձակման հետևանքով երեք զինվորական է սպանվել․ զինված հանցագործը փախել է դեպքի վայրից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
Այսօր առավոտյան ժամը հինգի մոտակայքում հերթապահ ջոկատի զինվորներից մեկը «հարձակում է գործել հերթապահությունը ստուգող պաշտոնյա անձանց վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հարձակման հետևանքով «երեք զինծառայող մահացու վնասվածքներ են ստացել»։ Հարձակվողը վերցրել է սպայի զենքն ու թաքնվել է։
Պաշտոնապես չի հայտնվում՝ կոնկրետ որտեղ է տեղի ունեցել արտակարգ դեպքը։ Արևմտյան ռազմական օկրուգը հայտնում է, որ խոսքը Վորոնեժի մարզում տեղակայված զորամասերից մեկի մասին է։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը իրավապահ մարմիններում ավելի վաղ հայտնել է, որ խոսքը Վորոնեժի «Բալթիմոր» ռազմական օդանավակայանի մասին է։
Ռուսաստանն ամբողջությամբ էլեկտրոնային տեխանձնագրերի է անցել
Զորամասի հրամանատարությունն ու իրավապահ մարմինները սկսել են փախած զինծառայողի որոնողական աշխատանքները։
«Բալթիմոր» ռազմական օդանավակայանը 2012 թվականից վերանորոգման մեջ է։ Ավելի վաղ ՌՕՈւ ակադեմիայի պետ Գենադի Զիբրովը հայտնել էր, որ «Բալթիմորն» այս տարվանից պետք է շահագործվեր։