Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է Հայաստանի և Ռուսաստանի վրա. Վաղարշակ Հարությունյան

«Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության  սուվերեն տարածքում երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: 

«Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Բաքուն խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել. պատրաստ են փոխհատուցել

«Ադրբեջանի Հանրապետությունն ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և որ վտանգ չի ներկայացնում: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը»,- ընդգծեց Հարությունյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:

«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք և այս առումով որևէ փաստարկ ընդունելի չէ»,- եզրափակել է Հարությունյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Ուժային կառույցների մեր աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջևանի կողմից։

Հայաստանն ամեն կերպ կաջակցի ուղղաթիռի հետ կապված դեպքի հետաքննությանը. ՀՀ ՊՆ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Տուժածին տեղափոխել են ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվող ուղղաթիռի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից:

Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

Նշվում էր, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։