Բաքուն խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել. պատրաստ են փոխհատուցել

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի մասին տեղեկատվությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի -Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Բաքուն ներողություն է խնդրում ռուսական կողմին այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահականության բնույթ է կրում և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ։ Ադրբեջանական կողմն անկեղծ ցավակցություն է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տարածաշրջանում առկա լարվածության համատեքստում հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական պատրաստվածության բարձր մակարդակի բերված հերթապահ մարտական հաշվարկը որոշում է կայացրել կրակ բացել շարժը ձախողելու համար»:

Ռուսական Մի–24-ը խոցվել է Հայաստանում` ռազմական գործողություններից դուրս. ՌԴ ՊՆ

Ադրբեջանական կողմը համապատասխան դրամական փոխհատուցման պատրաստակամություն է հայտնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Ուժային կառույցների մեր աղբյուրը հայտնել էր, որ ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջևանի կողմից։ 

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։39-ին ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Տուժածին տեղափոխել են ՊՆ N զորամաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։ Այրվող ուղղաթիռի կադրերն արդեն հայտնվել են համացանցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նոյեմբերի 9-ին՝  Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտկայքում, օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից:

Ռուսական ՄԻ–24–ի խոցման պահը. տեսանյութ

Նշվում էր, որ հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում:

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով։