ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանն Ադրբեջանին սպառազինություն չի տրամադրում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությանը։
Ավելի վաղ սոցցանցերում և ԶԼՄ-ներում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Ղազախստանը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Մասնավորապես, ըստ Flightradar-ի, Ղազախստանից Ադրբեջան թռչող ինքնաթիռներ են նկատվել։
«Այդ պնդումը կեղծ է։ Արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ հաղորդագրությունը։ Ղազախստանը հավատարիմ է միջազգային հանրության առջև երկրի ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը և այլ երկրներ զենք մատակարարելու մտադրություն չունի: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և որևէ հիմք չունենք», - ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունն ընդգծել է նաև, որ 2020 թ․-ի նոյեմբերի 2- 3-ն ընկած ժամանակահատվածում Silk Way West Airlines ավիաընկերության կողմից Նուր Սուլթանի և Բաքվի միջև թռիչքներ տեղի չեն ունեցել։