ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմակայում է թշնամուն։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան Facebook-ի իր էջում գրառում էր արել իրավիճակի մասին և լուսանկար հրապարակել, նշելով, որ դիմավորել է իր կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը, և որ կենաց ու մահու պայքարը շարունակվում է:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում