Դատախազությունը դեսպանություններին առաջարկում է շփվել կալանավորված ահաբեկիչների հետ

Կալանավորվածների հետ հանդիպելու, այլ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ լրացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար ապահովել շփումներ Արցախում հայտնաբերված, այնուհետև կալանավորված միջազգային ահաբեկիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան ու խրախուսում ահաբեկչությունը Եվրոպայում

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին առ այն, որ վերոնշյալ հանգամանքների առկայության մեջ համոզվելու ցանկություն ունենալու դեպքում պատրաստ ենք համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները կալանավորված անձանց հետ և տրամադրել վերոնշյալի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ հարուցված մի շարք քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Նրանցից առաջինը Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը նոյեմբերի 1-ին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

Շուշիի շրջակայքն ահաբեկիչներից մաքրելու աշխատանքները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Նրանք Սիրիայի հյուսիսային բնակավայրերից այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղափոխվել են Ադրբեջան Թուրքիայի Հանրապետության միջոցով՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ ռազմագործողություններին, հանցագործություններին մասնակցելու համար։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։