ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները թշնամու 2 ԱԹՍ են խոցել

Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա»,–տեղեկացրել է նա։

Մարտունիում առավոտյան հակառակորդը դիրք էր գրավել, բայց հետո հետ է շպրտվել. Հովհաննիսյան

Ստեփանյանի խոսքով` ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։

Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբիցը հայտնել էին, որ  հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքներին, ապա Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսկ ահա, Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում