Սկսվել է զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը

Հասարակական քննարկման է դրված հիմնադրամին փոխանցվող գումարը դարձնել 3 հազար դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում Է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն»,-նշված է գրառման մեջ:

Կամավորներ են հարկավոր. Զինծառայողների հիմնադրամը սկսում է հատուցումների գործընթացը

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով` հիմնադրամն իր գործունեության ընթացքում ավելի քան 18 միլիարդ դրամ է հավաքել, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել զոհված զինվորների և սպաների ընտանիքներին, ինչպես նաև 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։

Զոհված զինծառայողների ընտանիքներին և 1–ին կարգի հաշմանդամներին տրվող փոխհատուցումը տատանվում է 52-82 միլիոն դրամի սահմանում։ 52 միլիոն ստանում են շարքայինները, 72 միլիոն` ենթասպաները, 82 միլիոն` սպաները։ Ընդ որում, 10 միլիոնը տալիս են միանվագ, իսկ մնացածը` 20 տարվա ընթացքում (ամսական 200-300 հազար դրամ)։

2–րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց վճարվում է 26-52 միլիոն դրամ փոխհատուցում` նույնպես կախված զինվորական կոչումից։ Դրանցից 5 միլիոնը տալիս են միանվագ, մնացածը` 20 տարվա ընթացքում (ամսական 100-200 հազար դրամ)։

«Անունս Արցախ է» երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմնը

Հիշեցնենք, որ հիմնադրամի գումարները ձևավորվում են Հայաստանի քաղաքացիների ամսական վճարումների հաշվին։ Գրանցված աշխատողներից յուրաքանչյուրն ամեն ամիս վճարում է 1000 դրամ։

Հավելենք, որ հասարակական քննարկման է դրված այդ վճարը դարձնել 3 հազար դրամ։