Ուր և ինչպես դիմեն արցախցիները կացարանի, սննդի և այլ հարցերով. մանրամասնում է Բաթոյանը

Նախարարը հրապարակել է գործընկեր կազմակերպությունների ցանկն ու կոնտակտային տվյալները, որոնք ևս զբաղվում են արցախցիների խնդիրներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Ուր և ինչպես պետք է դիմեն Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիները կացարանի, սննդի, հիգիենայի միջոցների, հրատապ այլ օգնության համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook -ի իր էջում մանրամասնել է, թե հայաստանյան որ կառույցը որ գործընթացի կազմակերպման համար է պատասխանատու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Հայաստանում Արցախի քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու գործընթացը:

«Դրա համար անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիներն իրենք կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին»,- գրել է նախարարը։

Ինչ վերաբերում է սննդով և հիգիենայի պարագաներով ապահովմանը, ապա այդ հարցերով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Ուստի անհրաժեշտ է դիմել համայնքապետարաններ: Ի դեպ, համապատասխան հեռախոսահամարները ճշտելու համար ևս քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գծին։

«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»․ արցախցի երեխաները՝ իրենց առօրյայի մասին

«Նկատի ունենալով նաև հրատապ օգնության կարիքները և դրանց ծավալները, կարող եք դիմել նաև ՀՀ կառավարության և համայնքապետարանների հետ իր առանձնահատուկ մանդատի շրջանակում համագործակցող «Հայկական կարմիր խաչի ընկերություն», որը տրամադրում է մարդասիրական աջակցություն Հայաստանի ամբողջ տարածքում (հեռ․՝ +374 60 625069, +374 60 627070)»,- նշված է Բաթոյանի գրառման մեջ։

Նա նաև տեղեկացնում է, որ առանձին մարզերում և համայնքներոմ կարելի է դիմել նաև սոցիալական աջակցության հարցերով նախարարության հետ համագործակցող կազմակերպություններին։ Նախարարը հրապարակել է նաև գործընկեր կազմակերպությունների ցանկն ու կոնտակտային տվյալները.

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ․ հեռ․՝ +374 77 064245, գործում է Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ․ հեռ՝ +374 9640354, գործում է Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում։

«Երիտասարդական միքս» ՀԿ․ հեռ․՝ +374 94 969247, գործում է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե կան կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց տվյալներն ավելացնել այս ցանկում, անհրաժեշտ է կապ հաստատել նախարարության հետ 521431 հեռախոսահամարով: