ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 5-ին կայացած նիստում ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում խոսել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների մասին։
«Արցախի և նրա ժողովրդի դեմ Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որին ուղակի ներգրավված են օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ուղեկցվում է բազմաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծություն, կասետային և սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունների կիրառում, քաղաքացիական և ռազմագերիների հանդեպ բռնություն և դաժան սպանություններ, գլխատումներ և դիախեղումներ»,- նշել է դեսպանն իր ելույթում։
Արտավազդ Փելեշյանը 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին
Ի դեպ, խոսելով ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին դեսպան Պապիկյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը` հետաքննություն անցկացնելու խնդրանքով։
Նա ընդգծել է՝ խաղաղ բնակչությանը պարբերաբար թիրախավորելուց հետո «Ադրբեջանն անամոթաբար խոսում է «խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի մասին»։
Առանձնահատուկ շեշտադրումներով Պապիկյանը խոսել է հակամարտության սրման հարցում Թուրքիայի ներգրավման մասին, որը նաև ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի։
«Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, իր ներդրումն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում։ Հայկական կողմը նախազգուշացնում էր, որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը Հարավային Կովկաս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- հայտարարել է դեսպան Պապիկյանն ու ընդգծել՝ Թուրքիան, ահաբեկիչներին և ջիհադիստներին վարձելով, աջակցում է ահաբեկչությանը։
Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախի հարցը
Դեսպանը նշել է՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրացման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի միջազգային ճանաչումը միայն կարող է ապահովել քաղաքական և իրավական միջավայրը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և նրա իրավունքները պաշտպանելու համար։ Նա կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին դիտարկել այս խնդիրը՝ պատերազմի բոլոր աղետալի հետևանքների համատեքստում։