Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

​Եկեք անկեղծ լինենք։ Որքան զարմանալի է Ամերիկան, այնքան էլ զարմանալի են այդ երկրում անցկացվող ընտրությունները։ Շատ դժվար է հասկանալ, թե ինչու մինչև հիմա չգիտենք՝ ով է հաղթել նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում։
Sputnik
Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

Ոմանք կատակում են՝ Ամերիկայում կայացան  ընտրություններ, որոնց արդյունքում նախագահ դարձավ դեմոկրատ Ջո Բայդենը, բայց նաև վերընտրվեց հանրապետական Դոնալդ Թրամփը։ Իրականում Բայդենը իրեն նախագահ չի հռչակել, ընդամենը համոզմունք է հայտնել, որ երբ քվեների հաշվարկն ավարտվի, պարզ կդառնա, որ հաղթել է ինքը։ Դոնալդ Թրամփը շատ ավելի արմատական հայտարարություններ է արել` պնդելով, որ իրենից ուզում են խլել հաղթանակը։ Բայց փաստեր չի բերել։ Միայն հարցադրում է արել՝ այդ ինչու են հիմա՝ քվեարկությունից երկու օր անց, անընդհատ ավելանում ու ավելանում իմ մրցակցի օգտին տված ձայները։

Ընտրական նոյեմբեր ԱՄՆ-ի, Մոլդովայի, մի քիչ էլ՝ Վրաստանի համար

Միանգամից ասեմ՝ սա իր շատ որոշակի բացատրությունն ունի։ Տեսեք։ Հայաստանցիներիս և ոչ միայն հայաստանցիներիս համար շատ զարմանալի կթվար, բայց ամերիկյան ընտրություններում կա երկու քվեատուփ՝ մեկը մեր սովորական քվեատուփի նման է՝ ընտրությունների օրը ես գալիս եմ ընտրատեղամաս, նշում նախընտրածս թեկնածուի անունը ու քվեաթերթիկս գցում տուփի մեջ։ Ամերիկայում բացի այդ քվեատուփից գոյություն ունի նաև երկրորդը, որտեղ գցում են, այսպես ասենք, նամակները։ Հասկանում եք իհարկե, որ խոսքը թեկնածուներին ուղղված նամակների մասին չէ, այլ այն քվեաթեթիկների, որոնք ընտրողը նախօրոք դնում է ծրարի մեջ և ուղարկում իրենց նահանգի ընտրական հանձնաժողովին։

Կա՛մ կռվելու եք, կա՛մ բոլորիդ սպանելու եմ. ինչ է պատմել սիրիացի վարձկանը գերմանական ԶԼՄ-ին

Մինչև հիմա այս համակարգի հետ կապված որևէ լուրջ, էական բարդություն չէր ծագել։ Բայց այս ընտրություններն ուրիշ են՝ կա երկու չափազանց կարևոր նրբություն։ Նախ, Դոնալդ Թրամփը իր ընտրողներին կոչ էր արել հրաժարվել փոստով քվեարկելուց և հենց նոյեմբերի 3-ին անձամբ գալ ընտրատեղամաս ու քվեարկել։ Իսկ Ջո Բայդենը հակառակը` իր կողմնակիցներին հորդորել էր նախօրոք քվեարկել փոստով։ Երկրորդ հանգամանքը՝ բազմիցս փաստել եմ, որ քվեարկության կանոններն ամերիկյան տարբեր նահանգներում տարբեր են, քվեների հաշվարկը կարող է տարբեր եղանակներով իրականացվել, բայց կան նահանգներ, որտեղ հենց օրենսդրորեն ամրագրված է՝ սկզբում բացվում է այն քվեատուփը, որտեղ մարդիկ ընտրությունների օրն են եկել ու քվեարկել, ընտրական հանձնաժողովի անդամները հաշվում են ձայները և միայն դրանից հետո սկսում են հաշվել այն քվեները, որոնք եկել են փոստով։ Եվ քանի որ Բայդենն էր կոչ արել իր ընտրողներին հիմնականում փոստով քվեարկել, բնականաբար, հիմա գնալով ավելանում են իր օգտին տված ձայները։

Կեղծվո՞ւմ են ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, կամ քվեարկությունը կայացավ, հաղթող չկա

​Ոմանք պնդում են, թե Դոնալդ Թրամփը նախօրոք այս ամենը կանխատեսել էր, որպեսզի պարտության դեպքում մեղադրի մրցակցին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Այսինքն՝ այդ ինչպես եղավ, որ ես այսինչ նահանգում առաջատարն էի, բայց վերջում պարզվեց, որ պարտվել եմ՝ ուրեմն վերջին պահին լցոնել եք։ Իհարկե, սա ընդամենը ենթադրություն է։ Ի դեպ, Թվիթեր սոցիալական ցանցը, որտեղ սովորաբար Թրամփը զետեղում է իր մեկնաբանություններն ու հայտարարությունները, արդեն զգուշացրել է, որ նախագահի որոշ ստատուսներ պարզապես կասկածելի են կամ ընդհանրապես որևէ հիմք չունեն։ Սակայն հայտնի է, որ Դոնալդ Թրամփը երբեք էլ լուրջ չի ընդունել իր մեկնաբանությունների մեկնաբանությունները։

​Հիմա ամերիկացիների, միգուցե նաև ողջ աշխարհի համար  այս ընտրությունների հետ կապված գլխավոր հարցը սա է՝ բա լավ, երբ են հայտարարվելու վերջնական արդյունքները։ Պատասխանը կարող եք գտնել «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմի այն դրվագում, երբ Ռուսաստան մեկնած հայերը հարցնում են հարսնացուի հորը՝ բա լավ, քո կինը երբ է վերադառնալու գործուղումից, ու նա պատասխանում է՝ «Միգուցե վաղը, միգուցե վաղը չէ մյուս օրը»։ Վերլուծաբանները չեն բացառում, որ գործընթացը շատ ավելի երկար կտևի` հիշեցնելով, որ 2000-ին Ջորջ Բուշը պաշտոնապես նախագահ հռչակվեց ընտրություններից մոտ մեկ ամիս անց։