Կյանքը սահմանին․ Դավիթ Բեկ համայնքում խուճապ չկա, բնակիչներն անվախ են

Երկու օր առաջ թշնամու կողմից հրետակոծված գյուղում բնակիչները հանգիստ են ու վստահ սպասում են հաղթանակին։
Sputnik

Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում խուճապ չկա, տրամադրությունն էլ մարտական է։ Թե ինչպիսին է կյանքը սահմանին, ինչ տրամադրություններ կան գյուղում, տեսանելի է «Զինուժ» մեդիայի պատրաստած ռեպորտաժում։ 

«Մեր գյուղում ընդհանրապես խուճապ չկա։ Ես երկու ժամ առաջ եմ դիրքերից եկել։ Ով մտածում է, թե մենք մեր տներն ու գյուղը պետք է թողնենք, հենց ինքն էլ թող հեռանա այստեղից։ Մենք մեր գյուղը ամուր պահում ենք։ Հզոր ենք մենք ու հաղթելու ենք»,-ասում է բնակիչներից մեկը։

Դավիթ Բեկում սպանված 44–ամյա բնակիչը հրթիռակոծման պահին եղել է մեքենայի ղեկին

Մյուս տարեց տղամարդն էլ հավելում է, որ ինքը պատերազմ տեսած մարդ է ու հիմա վախ չունի, ինչ ուզում է լինի։

«Մեր գյուղացիները 1992 թվականից սկսած այնքան փորձ ունեն, որ հիմա էլ նույն ոգով  սահմանը պահում են»,-ասում է մյուս բնակիչը։

Մեկ այլ տղամարդու ուրախացնում է համագյուղացիների միասնությունը։

«Մեկ մարդու պես եկել կանգնել են սահմանին։ Ապրի մեր ժողովուրդը, և կրկին անգամ վստահ ենք՝ հաղթելու ենք»,-ասում է նա։ 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հերթական անգամ մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ինտենսիվ հարվածներ են հասցվել ՀՀ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրին, վերջինիս բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով  մեկ քաղաքացիական անձ սպանվել է, երկուսը` վիրավորվել։

Հասցվել են մեծ վնասներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։

Դավիթ Բեկում վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց. ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է այս խնդրին

Թշնամին իր վարքագծին հավատարիմ ՝ հրետակոծել է նաև գյուղի գերեզմանոցը։ Ավերվել են բազմաթիվ խաչքարեր, իսկ գերեզմանոցի մի զգալի հատված այրվել է։

Հարկ է ընդգծել, որ նշված բնակավայրում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ։